Գիշերը դարձյալ մատներն է դնում
Իր եբենոսյա նվագարանին:
Մթության խորքում երգն է բարձրանում:
Այդ նրա թելն է հյուսվում մտերիմ:
Բայց ես ի՞նչ անեմ, եթե շարանին
Պետք չգա բերած մարգարիտը իմ:
Հակոբ ՄՈՎՍԵՍ
Հակոբ Մովսեսի բանաստեղծությունների յոթերորդ ժողովածուն է «Յոթներորդ որսորդությունը», որում հեղինակը ելել է «որսի»` իբրև հանդիսատես կամ, գուցե, մասնակից ունենալով իր ընթերցողին:
«Որսորդություն» հասկացությունն այս գրքում բարձրաշխարհիկ տիրույթներում չնյութականացող երևույթ է: Ոչ մի առնչություն այդ բառի առարկայական, բառարանային բովանդակության հետ: Բանաստեղծ-որսորդի թիրախը որսամիսը չէ: Նրա ճիգը այլ նշանառության է միտված: Նրա որսը ժամանակն է, տարածությունը, հայելին, բառը, լեզուն, լույսը, աղը, ավելի ստույգ` անորսալին, ունայնությունը, ոչինչը:
«Երբ բանաստեղծը որսի է ելնում». այսպես է վերնագրված Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ, գրականագետ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ Հակոբ Մովսեսին նվիրված գրախոսականը, որով և Դեմիրճյանի մտերմիկ հարկի տակ մեկնարկեց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսին նվիրված ցերեկույթը: Քննարկումների առանցքում «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծական ժողովածուն էր:
«Բանաստեղծը միշտ էլ չգիտի, թե դեպի ուր է գնում, բայց տեսնում է, որ ինչ-որ մի վայրում է հայտնվում»,- իր խոսքն այսպես սկսեց բանաստեղծ, գրականագետ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԸ, վստահեցնելով, որ գրքի վերնագրում միստիկական մի բան, ավետարանական թեմա (մարդու որսորդ պիտի դարձնեմ ձեզ), իսկ յոթը կարևոր թիվ է` հոգևոր ամենաբարձր ոլորտը, ամենաբարձր երկինքը, մարդու մարմիններից ամենաբարձրը` արդեն ըստ Բուդդայի: Հենրիկ Էդոյանի խոսքով` գրքի մեջ ամբողջ այդ հոգևոր իրականությունը կա դրված, մեր իրականության նշանները կան, բայց և բոլորովին ուրիշ իրականություն կա, որ հորինված չէ: «Երկրորդ, զուգահեռ աշխարհ գոյություն ունի, որ միայն բառերի, լեզվի միջոցով կարելի է հասնել: Զուգահեռ աշխարհի պատկերներ են սրանք: Ոդիսևսի մի ուղևորություն. մարդու հոգին դուրս է գալիս Իթակեից, գնում, թափառում է ամբողջ աշխարհում, նորից վերադառնում է իր հայրենի տուն և ասում` ինչ տեսակ ճանապարհներ էին, ում հանդիպեց: Բոլոր այդ տեսիլքները բարդ տեսիլքներ են, բարդ իրականություն է: Պոեզիան բարդ պետք է լինի: Ասում են` գնում ենք դեպի պարզություն: Աշխարհում պարզ բան չկա, պարզ նյութերի վրա մարդիկ չեն զարգանում: Հավերժական հարցեր կան, որոնք լուծելի չեն մարդկանց համար, բայց այդ հարցերն են անհատականություն ստեղծում, երբ սկսում ես դրանց մասին մտածել: Այստեղ կա այդ բարդությունը: Բարդ է իր բովանդակությամբ, ձևով մատչելի է, պարզ»: Էդոյանը համոզված է նաև, որ «Յոթներորդ որսորդությունը» հորինված գիրք չէ, այլ ինքն իրեն ստեղծված, և ամբողջական են բոլոր գործերը, ներքին կապերով կապված իրար. «Ասես մատյան կարդաս: Բանաստեղծությունները և՛ ինքնուրույն են, և՛ ինքնուրույն չեն, մի մեծ գրքի ամբողջական մասեր են դրանք: Գրքի վերնագիրը բոլոր բանաստեղծությունների վրա կարող ես դնել: Ինձ համար շատ կարևոր գիրք է»:
Թարգմանիչ ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ համոզմամբ` Հակոբ Մովսեսի առանձնահատկություններից մեկն այն է, որ նա ապրում է այնպես, ինչպես գրում է: Ռիլկեի օրինակը բերեց. շվեյցարացի մի լրագրող երեք օր ապրել է նրա տանն ու զարմանքով ասել` այս մարդն ապրում է այնպես, ինչպես պոեզիա է գրում:
Գրաքննադատ, գրականագետ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆՆ էլ ասաց, որ իր առաջնային մասնագիտությունը երաժշտությունն է, նշելով, որ պոեզիայում, ինչո՞ւ ոչ, նաև արձակում, շատ հետաքրքիր է, երբ խոսքը գեղարվեստական այնպիսի տարածքի մասին է, որն իր մեջ խտացում ունի` ոչ թե սոսկ հնչյունի կամ նոտայի, այլ ամբողջ նվագարանն է. «Այդ բազմաձայնությունը եթե կա, գրեթե ամեն ինչ ասված է: Այստեղ կան գրեթե բոլոր գործիքները: Ես լսում եմ դրանք` կարդալով Հակոբ Մովսեսի պոեզիան: Շատ հետաքրքիր է ձայնի պոետիկան արվեստում»: Գրաքննադատը նշեց նաև, որ Հակոբ Մովսեսի տողերի մեջ խորախորհուրդ պահեր կան, որ կարոտ են ուսումնասիրության` մաս առ մաս: «Ամեն մի նոր փորձ բերում է նոր տող, իսկ մենք բանաստեղծին գուցե և տողերով ենք հիշում: Ասում ենք այս պոետն ու, ապրելու համար, ոգեշնչված ինչ-որ բան ենք հիշում: Տողը ապրեցնող պիտի լինի, և եթե այս տողն այդպիսին է, պիտի գնանք դրա հետևից»: Հենրիկ Էդոյանը հավելեց, որ երբեմն կարդում են բանաստեղծությունն ու ասում` չեմ հասկանում. «Երբ շատ ես ուզում հասկանալ, չես հասկանում, պիտի կարդաս, վերապրես: Երաժշտությունն ի՞նչ է ուզում ասել: Ինչ ասում է, երաժշտության մեջ է: Երբ դու երաժշտությունը փորձում ես հասկանալ, չես լսում»:
Գրող ԱՐՏԱԿ ՈՍԿԱՆՅԱՆԸ, եթե Հակոբ Մովսեսի մասին երբևէ գրի, անպայման կսկսի մարգարտի առաջացման նկարագրությամբ: Նա նկատեց, որ Մենդելեևի պարբերական աղյուսակում մարգարիտ չկա, որպես տարր, այն առաջանում է ծովի, օվկիանոսի խորքերում` ստորին հոսանքների մեջ. «Երբ փոթորիկներ են լինում, մի փափկամարմին, դոնդողանման կենդանի կա, ռմբակոծվում է ավազահատիկներով ու կենսահյութ է արտադրում, այդ կենսահյութը շրջափակում է ավազահատիկները և երկար ժամանակ անցնելուց հետո դառնում մարգարիտ: Ես տեսնում եմ Հակոբին այդ հոսանքների մեջ, նա խաղաղ չէ, շատ մեծ փոթորիկներ կան մեջը: Այդ փոթորիկներից են ծնվում մեզ խաղաղություն բերող բանաստեղծությունները: Հակոբը փոխված է, Հակոբի ընթերցողն էլ պիտի փոխվի, որ հասկանա նրան: Այդպիսի պոեզիա գրելու և հասկանալու համար մարդ պետք է վերստին ծնված լինի»: Արտակ Ոսկանյանը կազմում է հայ ժամանակակից հոգևոր պոեզիայի ժողովածու, որտեղ ընդգրկված են Հակոբ Մովսեսի ստեղծագործություններից: Նա նշեց, որ մարդիկ կան, Աստվածաշնչից ինչ-որ տողեր են վերցնում, բանաստեղծություն դարձնում: Սակայն հոգևոր պոեզիան, ըստ նրա, դա չէ, հոգևոր պոեզիան փոխված, նոր մտածողություն ունեցող մարդու պոեզիան է:
Արձակագիր ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆԸ նկատեց, որ այսքան խոսքի մեջ իրականությունն ավելի է սրվում, ավելի լավ կլինի լսենք Հակոբ Մովսեսի բանաստեղծությունը:
Դեմիրճյանի տանը հյուրընկալված գրողների խոսք ու զրույցը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր «Յոթներորդ որսորդություն» գրքի բանաստեղծություններով` Համազգային պետական թատրոնի դերասան ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ մեկնաբանությամբ: Ցերեկույթի վերջում հնչեցին Հակոբ Մովսեսի նոր, անտիպ գործերից մի քանիսը` հեղինակի ընթերցմամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ